Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը հայ գրականության նորագույն շրջանի սկզբնավորողն է. ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:
Եղիշե Չարենցը (իսկական ազգանունը՝ Սողոմոնյան) ծնվել է Մակուից (քաղաք` Իրանում) Կարս գաղթած գորգավաճառ Աբգար աղայի ընտանիքում:
1908–12 թթ-ին սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916–17 թթ-ին՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922 թ-ին, որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնադրած գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել: Հեղափոխությամբ ոգևորված Չարենցը 1918–19 թթ-ին Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, 1920 թ-ին` Հայաստանում՝ Մայիսյան, 1921 թ-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920 թ-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում՝ որպես արվեստի բաժնի վարիչ: 1922 թ-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու մասնակցությամբ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924–25 թթ-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925 թ-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926– 1928 թթ-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928–35 թթ-ին՝ Հայպետհրատում: 1935 թ-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ. 1937 թ-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու:

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը